Այսօր՝ փետրվարի 21-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի լեզուների ամբիոնի ասիստենտ Գայանե Սարգսյանի նախաձեռնությամբ, Ստեփանակերտի Հայկ Բալասանյանի անվան համար 5 հիմնական դպրոցում կայացել է մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ և հրավիրվածներ։

Միջոցառումը սկսվել է լռության րոպեով՝ ներկաները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան գոյապայքարի ընթացքում զոհված հայորդիների հիշատակին: Այնուհետև բացման խոսքով հանդես է եկել ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանը։ Շնորհավորելով մայրենի լեզվի օրվա առթիվ և արժևորելով մայրենիի դերը հայ ժողովրդի գոյության և հավատի պահպանման գործում՝ Ավագյանը նշել է ․ «Հայոց լեզուն հայ ժողովրդի համար հզոր զենք է եղել պաշտպանելու իր ինքնությունը, իր ազգային անկախությունն ու մշակույթը: Ազգի ինքնությունը, լինելիությունը պայմանավորված են լեզվով, դրանով է նա առանձնանում այլ ազգերից։ Ուրեմն՝ սիրենք ու պահպանենք մեր ոսկեղենիկ մայրենին, քանի որ այն մեր լինելիության, մեր պատմության ու միաժամանակ մեր ապագայի երաշխիքն է»։

Միջոցառմանը ուսանողները հանդես են եկել մայրենիին նվիրված բանաստեղծություններով, ասույթներով, թևավոր խոսքերով, ազգային երգ ու պարով և փոքրիկ բեմադրությամբ՝ նվիրված գրերի գյուտին: «Սուրբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայ ժողովրդի հոգևոր զենքը՝ մեր ոսկեղենիկ այբուբենը, որի յուրաքանչյուր տառ անպարտ զինվոր է։ Մեր լեզուն սրբություն է ինչպես Մայրը և Մայր հայրենիքը։ Նա մեր շունչն է, մեր արյունն է, մեր հոգին։ Նրա մեջ են մեր այսօրն ու ապագան»,-ասել է միջոցառման կազմակերպիչ Գ․ Սարգսյանը։

Միջոցառման ավարտին ռեկտոր Նվեր Միքայելյանն ակտիվության համար շնորհակալագրեր է հանձնել ուսանողներին:

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *