Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում ուսանողական խորհրդի նոր նախագահ են ընտրել: Միակ թեկնածուն բուհի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Մարի Աբրահամյանն էր:

Ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունն անցկացվել է փակ քվեարկությամբ, որին մասնակցել է 25 ուսանող: 22 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ՇՏՀ-ի ուսխորհրդի նախագահ է ընտրվել Մարի Աբրահամյանը: Նա ներկայացրել է խորհրդի՝ 2023-2024 ուսումնական տարվա իր ծրագիրը. «Արցախի այս դժվար ժամանակաշրջանում ես չեմ կարող խոստումներ տալ, սակայն նպատակադրված եմ Ձեզ հետ միասին մեզ՝ բլոկադային ուսանողներիս համար, կերտել անմոռանալի ուսումնական տարի: Պետք է կազմակերպել բազում ինտելեկտուալ խաղեր, գեղարվեստական երեկոներ, նկարչության, ստեղծագործական մրցույթներ և այլն: Ուսանողական խորհուրդը համալսարանի շարժիչ ուժն է: Մենք միասին պետք է ձգտենք դարձնել ՇՏՀ-ի կյանքը ավելի լավը, հետաքրքիր և մտածված»,-նշել է Մ. Աբրահամյանը:

Մարի Աբրահամյանն այնուհետև պատասխանել է ներկաների հարցերին:

ՇՏՀ-ի ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ Արևիկ Հարությունյանն նշել է, որ բուհը միշտ փայլել է իր ուսանողական խորհրդի կազմով՝ ՈւԽ նախագահի ղեկավարությամբ: Նա նաև կոչ է արել առաջին կուրսեցիներին ակտիվ ներգրավվել ուսխորհրդի կողմից առաջիկայում կազմակերպվող բոլոր միջոցառումներին. «ՇՏՀ-ն ընտանիք է: Բուհի ուսանողական խորհուրդը տարբերվում է մյուս բոլոր ուսանողական խորհուրդներից: Դուք պետք է համարեք, որ ձեր ընտանիքում եք: Այստեղ չենք ասում դժվար է, եթե խնդիր կա դրված, որը պետք է լուծենք, ապա պետք է այն կատարենք գերազանց, չպետք է հապաղենք, քանի որ դրա իրավունքը չունենք»,-հավելել է Ա. Հարությունյանը:

ՈւԽ նոր նախագահի ընտրությունից հետո ՇՏՀ-ի ռեկտոր Նվեր Միքայելյանը և ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանը շնորհավորել են Մարի Աբրահամյանին և շնորհակալություն հայտնել ուսանողական խորհրդի նախկին նախագահ Օլեսյա Սահակյանին՝ իր կատարած աշխատանքի համար:

ՇՏՀ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *